Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Հիշողությունը չի ջնջվում

Հիշողությունը չի ջնջվում
17.09.2025 | 10:46

Ասում են՝ ուզում են Արարատը հեռացնել մեր պետական կնիքից։

Ասում են՝ պատմությունը կարելի է փոխել, հիշողության գույները խամրեցնել։

Բայց ո՞վ է հավատում, որ հնարավոր է մի ժողովրդի սրտից ջնջել այն լեռը, որը դարերով կանգնած է նրա հոգու մեջ։

Արարատը լոկ լեռ չէ։ Այն մեր մանկության հուշերի լույսն է, տատերի աղոթքի հնչյունը, պապերի պայքարի վկան։ Այն մեր գրականության ներշնչանքն է, բանաստեղծների երազը։ Մի՞թե պիտի Շիրազին ասենք՝ «մենք մեռցրինք քո երազը»։ Մի՞թե պիտի Կապուտիկյանի ձայնը մոռանանք։

Մի՞թե Սևակին ու Չարենցին կրկին «հուղարկավորենք», հրաժարվելով նրանց պատգամից։

Պատմությունն արդեն ցույց է տվել․ գաղթի ճանապարհին շատերը փորձում էին հաճոյանալ թուրքերին՝ կարծելով, թե այդպես կփրկվեն։ Բայց նույն ճակատագիրն ունեցան բոլորը։

Խաղաղությունը հաճոյանալով չի գալիս։

Խաղաղությունը գալիս է միայն արժանապատվությամբ, երբ հիշողությունն ու անցյալը պահվում են ամբողջական։

Քարտեզները կարելի է նոր գույներով գծել, կնիքներից կարելի է խորհրդանիշներ ջնջել։ Բայց սրտից ու հիշողությունից հնարավոր չէ կտրել այն, ինչը գալիս է հարյուրամյակների խորքից։ Հիշողությունն անջնջելի է, ինչպես լեռը՝ անսասան։

Արարատը կմնա, որովհետև այն մեր ներսում է։ Այն մեր լեզվի յուրաքանչյուր բառի մեջ է, մեր երգերի մեղեդիներում, մեր հայրենիքի լուսաբացին։ Արարատը մեր ինքնության հավերժական կնիքն է։

«Քեզ Մասիսն եմ կտակում, որ դու պահես հավիտյան,

Որպես լեզուն մեր հայոց, որպես սյունը քո հոր տան»։

Հ. Շիրազ

Արարատը ոչ միայն մեր անցյալն է, այլև մեր ապագայի լույսը։

Իսկ ով փորձում է ջնջել իր պատմությունը, դատապարտված է ապրել առանց ապագայի։

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ

Դիտվել է՝ 3237

Մեկնաբանություններ